«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Սա այլևս Եկեղեցու մասին չէ․ սա պայքար է ազատության համար

Սա այլևս Եկեղեցու մասին չէ․ սա պայքար է ազատության համար
16.10.2025 | 12:13

Արագածոտնի թեմում տեղի ունեցող զարգացումները վաղուց դուրս են եկել իրավական գործընթացի սահմաններից։

Մենք գործ ունենք քաղաքական ճնշման հետ, որի նպատակը ոչ միայն Եկեղեցու չեզոքացումն է, այլև ազատության սահմանափակումը և ավտորիտար համակարգի անշրջելիության ապահովումը։

Քննչական կոմիտեն հայտարարել է, որ քննվում է քրեական գործ՝ հավաքների ազատությանը խոչընդոտելու կամ քաղաքացիներին դրանց մասնակցելու հարկադրելու հնարավոր դեպքերի առթիվ։

Սակայն իրականում տեղի ունեցող գործողությունները՝ զանգվածային բերման ենթարկումները, խուզարկությունները և հարցաքննությունները, ցույց են տալիս, որ գործընթացը վաղուց դուրս է եկել իրավական դաշտի սահմաններից և վերածվել է քաղաքական ճնշման գործիքի։

●Բերման են ենթարկվել կամ ձերբակալվել Արագածոտնի թեմի գրեթե բոլոր հոգևորականները,

●Խուզարկվել է թեմի առաջնորդարանը,

●Թեմի առաջնորդը գտնվում է Քննչական կոմիտեում։

Սա իրավական քննություն չէ․ սա պետական ուժի ցուցադրական և գռեհիկ կիրառում է՝ հասարակական ազդեցությամբ օժտված կառույցը լռեցնելու համար։

Նպատակը պարզ է՝ վախի մթնոլորտ ստեղծել և ազդանշան ուղարկել բոլոր ինքնուրույն կառույցներին։

Բայց արդյո՞ք տեղի ունեցողը միայն ներքաղաքական համատեքստ ունի:

Ստեղծված իրավիճակը չի կարելի դիտարկել միայն ներքին համատեքստում։

Մի քանի օր առաջ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ՈՒլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ «Հայ Առաքելական Եկեղեցին միշտ եղել է քաղաքական գործընթացների մասնակից, դաստիարակել է սեպարատիզմի և ատելության ոգով, և այսօր էլ շարունակում է միջամտել պետական քաղաքականությանը՝ խոչընդոտելով տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»։

Սա ուղիղ քաղաքական ուղերձ էր, որով փորձ էր արվում Եկեղեցուն ներկայացնել որպես հակառակորդ և դիվանագիտական-քաղաքական ճնշման թիրախ դարձնել։

Եվ ահա՝ շատ կարճ ժամանակ անց Հայաստանում հենց նույն մեղադրանքի տրամաբանությամբ սկսվում է քրեական հետապնդում։

Այս համընկնումը պատահական չէ․ այն վկայում է արտաքին ազդակների և ներքին իշխանական օրակարգի վտանգավոր միաձուլման մասին։

Եկեղեցու դեմ ճնշումը դառնում է ոչ միայն ներքին քաղաքականության գործիք, այլև տարածաշրջանային ազդեցության քաղաքականության տարր, որի նպատակը մեր հոգևոր ինքնության և պետական անկախության թուլացումն է։

ՈՒ ցավալի է, որ «քաղաքացիական հասարակություն» կոչվածն այս հակապետական գործընթացի ակտիվ դերակատար է:

Այս գործընթացի մեկնարկային ազդակը դարձել է Դանիել Իոաննիսյանի ներկայացրած հաղորդումը։

Սա հստակ ցույց է տալիս, թե ինչպես են «քաղաքացիական հասարակության» որոշ կառույցներ վերածվել իշխանական պատվեր իրականացնողների, որոնք ձևացնում են անկախություն, բայց փաստացի ծառայում են ազատությունների սահմանափակման և վերահսկողության խորացման քաղաքականությանը։

Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ եղել է ազգային ինքնության, դիմադրության և ազատության ողնաշարը։

Երբ իշխանությունը փորձում է սահմանափակել այն խուզարկություններով ու ձերբակալություններով, վտանգի տակ է հայտնվում ոչ միայն Եկեղեցին, այլև՝ ազգային հիշողությունը, հասարակական ազատությունը և պետականության հիմքերը։

Եկեղեցու լռեցման փորձը չի վերաբերում միայն հոգևոր դաշտին․ այն ուղղված է ազատ հասարակության վերացմանը և ավտորիտար համակարգի հաստատմանը, որտեղ պետական իշխանությունը դառնում անփոխարինելի՝ լռեցնելով ցանկացած այլախոհություն:

Եթե այսօր չպաշտպանենք Եկեղեցուն, վաղը չենք կարողանա պաշտպանել ոչ մի հիմնարար իրավունք։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 421

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ